Կազմեց Գուրգեն (Գրեգ) Սարգսյանը
Տորոնտո, 5 հոկտեմբերի, 2021 թ․
Սույն զեկուցումը ներկայացնում է վերջերս Զորյան ինստիտուտում անցկացված քննարկումների ամփոփումը Միացյալ Նահանգների եւ Չիանստանի միջեւ տեղի ունեցող աշխարհաքաղաքական մրցակցության վերաբերյալ եւ դրա ազդեցությունը ինչպես Արեւմուտքի շահերի, այնպես էլ Արեւելյան Եվրոպայի եւ Ասիայի փոքր երկրների վրա։
Սույն հոդվածի բովանդակությունը արտացոլում է միմիայն քննարկման վերաբերյալ հեղինակի դիտարկումները եւ չի ներկայացնում Զորյան ինստիտուտի պաշտոնական դիրքորոշումը։
Չինաստանի մարտահրավերներն ԱՄՆ-ի համար:
Մենք անընդմեջ լսում ենք, որ Չինաստանը մարտահրավերներ է նետում Միացյալ Նահանգներին եւ արեւմտյան այլ երկներին։ Դրանք ներառում են հետեւյալը՝
- ԱՄՆ-ի կախվածությունը Չինաստանի էժան ապրանքներից, որոնք հնարավորություն են տալիս սահմանափակ եկամուտ ունեցող սպառողներին հոգալ իրենց կարիքները,
- Չինաստանի կողմից անօրինական ճանապարհով արեւմտյան նորարարությունների եւ մտավոր սեփականության ձեռքբերումը կարող է վնասակար լինել Միացյալ Նահագների տնտեսական շահերի համար,
- Միացյալ Նահանգների կախվածությունը Չինաստանում արտադրվող պահեստամասերից, որոնք անհրաժեշտ են ամերիկյան ապրանքների համար,
- Չինաստանի աջակցությունը ԱՄՆ դաշնային պարտքին՝ որպես ԱՄՆ գանձապետական արժեթղթերի ամենամեծ օտարերկրյա սեփականատեր,
- Շանհայում գտնվող Նոր զարգացման բանկի (NDB) ստեղծումը եւ վերջինիս ջանքերը՝ ուղղված Համաշխարհային բանկի գերիշխանությանը հակազդելուն,
- Չինաստանի տնտեսական էքսպանսիան ասիական, աֆրիկյան և նույնիսկ Լատինական Ամերիկայի շուկաներում,
- Չինաստանի ռազմական առաջընթացը չափի եւ հնարավորությունների առումով․ ունենալով աշխարհի ամենամեծ բանակը՝ այն երկու անգամ գերազանցում է ամերիկյանին եւ դասվում է հակածովային բալիստիկ հրթիռների՝ աշխարհի առաջատար զինված ուժերի շարքին,
- Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը եւ Հարավչինական ծովը վերահսկելու Չինաստանի նկրտումները,
- Չինաստանի տիեզերական ծրագրի մշակումը, որի շնորհիվ այն վերջերս դարձավ Մարսի վրա վայրէջք կատարած երկրորդ ազգը,
- Չինաստանի առաջատար հնարավորությունները ապագայի տեխնոլոգիաներում, ինչպիսինն է օրինակ արհեստական բանականությունը:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ակնհայտ է, որ մինչ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ կա որոշակի տնտեսական փոխկախվածություն, այդուհանդերձ Չինաստանը մեծ տնտեսական եւ ռազմական մարտահրավերներ է նետում ԱՄՆ-ին եւ իր արեւմտյան դաշնակիցներին:
Ռուսաստանի մարտահրավերների կարեւորությունը Միացյալ Նահանգների համար
Ի տարբերություն Չինաստանի՝ քննարկման մասնակիցները եկան այն եզրահանգման, որ Ռուսաստանը նույնքան մեծ մարտահրավերներ չի ներկայացնում ԱՄՆ-ի եւ արևմտյան այլ երկրների համար: Ռուսաստանը պարտվել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների մրցավազքում, եւ այլեւս ունակ չէ վիճարկելու ամերիկյան տնտեսական եւ առեւտրային շահերը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն եւ նրա արեւմտյան դաշնակիցները բախվում են Ռուսաստանի ագրեսիվ ծավալապաշտական աշխարհաքաղաքականությանը, մասնավորապես նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, ինչպես օրինակ՝ Ռուսաստանի հարձակմանը Վրաստանի վրա եւ Ղրիմի անեքսիային Ուկրաինայից։ Բացի այդ, ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցները բախվում են Ռուսաստանի ագրեսիային իրենց երկրներում․ Ռուսաստանի փորձերը ազդել ընտրությունների վրա սոցիալական լրատվամիջոցների օգտագործմամբ, ինչպես նաեւ ներթափանցել պետական մարմիններ եւ ընկերություններ հաքերային հարձակումների միջոցով։
Ի պատասխան՝ ԱՄՆ-ն լայնածավալ պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ։ Նրանց նպատակն է դժվարացնել Ռուսաստանի մասնակցությունը համաշխարհային տնտեսությանը եւ կասեցնել վերջինիս՝ կիբերտարածքում խափանարար գործողություններ իրականացնելու եւ բռնի ուժով հարեւան երկրների սահմանները փոխելու շարունակվող արշավը:
Պատժամիջոցների առկայության պարագայում հարց է ծագում՝ արդյո՞ք արեւմտյան երկրներն ակամայից Ռուսաստանին մղում են դեպի Չինաստան՝ հաշվի առնելով իրենց ընդհանուր շահերը՝ սահմանափակելու ԱՄՆ ներկայությունը Բալթյան երկրներում եւ Հարավչինական ծովում:
Ռուսաստանի մտահոգությունները Չինաստանի վերաբերյալ
Ոմանք մտահոգված էին Չինաստանի՝ գերտերության կարգավիճակ ձեռք բերելու հեռանկարով՝ ընդգծելով այն փաստը, որ Ռուսաստանը կարող է Չինաստանի հետ կապված իր մտահոգություններն ունենալ՝ չնայած այն հանգամանքին, որ Հարավչինական ծովում եւ Բալթյան երկրներում ԱՄՆ-ի գերիշխանության վերաբերյալ առկա է ընդհանուր դժգոհություն: Քննարկվեց հետևյալը.
- Ռուսաստանը զգուշանում է չինական հնարավոր էքսպանսիայից դեպի Արեւմուտք, հատկապես այն տարածքների նկատմամբ, որոնք Ռուսաստանը կարողացավ նվաճել Չինաստանից եւ Պեկինի պայմանագրով միացնել իրեն 1860 թթ․ (բնական պաշարներով հարուստ Սիբիր, Ուրալյան լեռներից արեւելք ընկնող տարածք): Այդ ժամանակաընթացքում Քինգ տոհմի կայսրությունը թուլացավ հյուսիսում՝ Ռուսաստանի կայսրության առաջացրած մարտահրավերների պատճառով, իսկ հարավում՝ բրիտանացիների, երբ վերջիններս հենակետ ստեղծեցին Հոնկոնգում:
- Պեկինի պայմանագրով Ռուսաստանին կցված տարածքը այնքան մեծ էր, որ այսօր այն կազմում է Ռուսաստանի ցամաքային տարածքի ավելի քան 75% -ը, ինչը երեք անգամ ավելի մեծ է, քան Եվրոպական միության տարածքը։
- Ընդամենը 150 տարի առաջ կորցրած իր տարածքները վերադարձնելու Չինաստանի փորձը հնարավորություն կտա ընդլայնել եւ տեղավորել իր մեծ ու անընդհատ աճող բնակչությանը:
- Չինաստանի 1.45 միլիարդ բնակչությունը Ռուսաստանի 145 միլիոնի համեմատ հավասարազոր է 10-ը 1-ի հարաբերակցության: Այս հարաբերակցությունը հատկապես կարեւոր է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով, որ վերջինիս բնակչությունը շարունակաբար նվազում է:
- Ռուսաստանի խորը կախվածությունը Չինաստանից՝ պայմանավորված վերջինիս կողմից ռուսական հումքի ու էներգիայի գնմամբ, կարող է խոչընդոտել Ռուսաստանին զարգացնելու իր սեփական կարողությունները հումքին ավելացված արժեք ավելացնելու առումով նախքան այն Չինաստան արտահանելը։
Նշվեց, որ առկա են մի շարք պատճառներ, որոնք պարզաբանում են, թե ինչու Չինաստանը չի ընդլայնում իր սահմանները դեպի իր նախկին տարածքներ, որոնք այժմ Ռուսաստանի կազմում են։ Թեեւ Չինաստանի հզորությունն այժմ աճում է, սակայն ռազմական տեսանկյունից այն դեռեւս ի վիճակի չէ մարտահրավեր նետելու Ռուսաստանին: Քննարկման մասնակիցներից մեկը հիշատակեց 1969 թվականի Խորհրդային Միության եւ Չինաստանի միջեւ տեղի ունեցած չհայտարարված սահմանային բախումը։ Արդյունքում ստորագրվեցին պայմանագրեր, տարածաշրջանում վերահաստատվեց խաղաղություն, սակայն այդ բախումը հանգեցրեց երկու կոմունիստական ռեժիմների պառակտմանը: Նշվեց նաեւ, որ այս համաձայնագրերի ստորագրման պահին Խորհրդային Միությունը դեռ չէր լուծարվել, իսկ Չինաստանն դեռ հեռու էր տնտեսական եւ ռազմական գերտերություն դառնալուց։ Մեկ այլ զսպող գործոն կարող է հանդիսանալ այս երկու հարեւան երկրների միջեւ միջուկային պատերազմի հավանականությունը:
Մասնակիցները եկան այն եզրակացության, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայիս գործընկերությունը թելադրված է հարմարության գործոնով։ Երկու ազգերն էլ աշխատում են միասին արեւմուտքի գերիշխանությունը հաղթահարելու եւ ավելի մրցակցային դառնալու ուղղությամբ։ Այնուամենայնիվ, քանի որ Չինաստանն ավելի ու ավելի է հզորանում, իսկ Ռուսաստանի բնակչությունը շարունակում է նվազել, հարց է առաջանում՝ արդյո՞ք Չինաստանը կշարունակի նույն գործելակերպը:
Մետաքսի ճանապարհն ընդդեմ արեւմտյան շահերի․ Չինաստանի իրական աշխարհաքաղաքական եւ տնտեսական շարժառիթները
Քննարկման մասնակիցներից մեկը անդրադարձավ Չինաստանի՝ «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնությանն ու դրա շարժառիթներին։
Չինաստանը եռանդուն կերպով ձգտում է ձեռք բերել գերտերության կարգավիճակ եւ վճռականորեն հետամուտ է «Մետաքսի ճանապարհ 2.0» եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունների ընդլայնմանը դեպի Եվրոպա՝ Եվրասիայի եւ Հնդկական օվկիանոսի երկայնքով (տե՛ս ստորեւ ներկայացված քարտեզը)
Ըստ Արտաքին հարաբերությունների խորհրդի՝
«․․․նախաձեռնության հիմքում Չինաստանն ունի ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական շարժառիթներ: Նախագահ Սին առաջ է քաշել ավելի վճռական քաղաքականություն վարող Չինաստան ունենալու տեսլականը, սակայն դանդաղող զարգացումն ու ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունները ստիպում են երկրի ղեկավարությանը նոր շուկաներ հայտնաբերել սեփական արտադրանքի համար…»։
Համաշխարհային տնտեսական եւ աշխարհաքաղաքական իր նպատակներին հասնելու համար Չինաստանին պետք են ռազմավարական գործընկերներ՝ դեպի արեւմուտք իր էքսպանսիան իրականացնելու համար:
Չինաստանի եւ Թուրքիայի ընդհանուր աշխարհաքաղաքական շահերը
Չինաստանը կարող է բնական դաշնակիցներ համարել Թուրքիային եւ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու ազգերին: Ընդգծվեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ Չինաստանը հետամուտ են իրենց տարածքների ընդլայնմանը՝ աշխարհում իրենց ազդեցությունն ուժեղացնելու նպատակով: Մինչ Չինաստանը ելք է փնտրում Մետաքսի ճանապարհի առեւտրային ուղիները դեպի Եվրոպա զարգացնելու ուղղությամբ, Թուրքիան թյուրքալեզու երկրների հետ համատեղ ցանկանում է իր ազդեցությունը տարածել Բալկաններից դեպի չինական Սինծիան նահանգ: Այս բոլոր տարածաշրջաններում Թուրքիան օգտագործում է Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդների եւ Մերձավոր Արեւելքի թուրքմենների մշակութային եւ կրոնական հարազատության խաղաքարտը՝ «թուրքացման» իր գլոբալ նպատակներին ծառայեցնելու եւ որպես մեծ տերություն իր ազդեցությունը տարածելու նպատակով:
Դեպի արեւելք այսօրինակ ընդլայնման պարագայում Թուրքիան կարող է կլանել Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու բոլոր հանրապետությունները՝ ի սպաս Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման։ Այս նախաձեռնությունը ներառում է տարածաշրջան՝ սկսած Արեւմտյան Թուրքիայից դեպի Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Ռուսաստանի Դաշնության թյուրքախոս ժողովուրդներ (13 միլիոն մարդ): Թուրքական այսօրինակ ուժի տարածումը դեպի արեւելք Ռուսաստանի համար երկարաժամկետ հեռանկարում կարող է խիստ վտանգավոր լինել՝ հաշվի առնվելով Յակուտիան՝ որպես թյուրքալեզու տարածք, որն ընդգրկում է հյուսիսարեւելյան Սիբիրի հսկայածավալ մաս: Տես ստորեւ բերված քարտեզը:
Հարեւանների նկատմամբ թուրքական քաղաքականության փոփոխությունները
Նշվեց, որ 2014 թ․-ին Թուրքիան պաշտոնապես հայտարարեց «Զրո խնդիրներ հարեւանների հետ» նոր քաղաքականության մասին։ Սակայն այժմ այս քաղաքականությունը կարծես թե մոռացված է, եւ որդեգրված է նոր ծավալապաշտական քաղաքականություն, որի միանձնյա ղեկավարն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության աջակցությամբ եւ այլ ազգայնական կուսակցությունների հետ համագործակցությամբ:
Ավելին, 2014 թվականից ի վեր Թուրքիան ռազմականապես ներգրավված է Սիրիայում, Իրաքում եւ վերջերս Լիբիայում, ինչպես նաեւ առաջացրել է լարվածություն Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի ու Ֆրանսիայի հետ՝ Արեւելյան Միջերկրականում՝ հնարավոր էներգետիկ պաշարներով պայմանավորված: Հնարավոր է նաեւ, որ Թուրքիան ամբողջությամբ ակտիվացնի Ռուսաստանից գնված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը՝ այդպիսով վտանգելով իր ռազմավարական հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ:
ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի ազատական ժողովրդավարությունների հետ Թուրքիայի հարաբերությունների հակասությունները
Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ քաղաքական լուրջ անհամաձայնությունների պատճառով Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ աստիճանաբար վատացել են եւ գրեթե մեկ տասնամյակ է, ինչ անկում են ապրում։ Քննարկման մասնակիցները համաձայնեցին այն մտքի հետ, որ այս տարաձայնություններն պայմանավորված են նախագահ Էրդողանի՝ ավելի անկախ արտաքին պաշտպանական քաղաքականություն վարելու հանգամանքով։ Էրդողանի Թուրքիան ոչ միայն ռազմական միջամտություն է կատարել Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Կովկասում, այլ նաեւ ռազմակայաններ է ստեղծել Կատարում եւ Սոմալիում: Այն ավելի է սրել իրավիճակը իր կողմից բռնազավթած Հյուսիսային Կիպրոսում՝ հայտարարելով խնդրի լուծման անհրաժեշտության մասին «երկու պետություն» սկզբունքի միջոցով: Ավելին, Թուրքիան օգտագործեց հայրենի արտադրության պաշտպանական համակարգերը, ներառյալ զինված անօդաչու թռչող սարքերը եւ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմում։ Այս աջակցությունը օգնեց իր մերձավոր դաշնակցին՝ Ադրբեջանին, հետ վերցնել վիճելի տարածքները իրենց ընդհանուր հակարակորդ Հայաստանից՝ առանց հաշվի առնելու արեւմտյան շահերը: Այս առնչությամբ մասնակիցներից մեկը նշեց․
«Թուրքիայի եւ Չինաստանի ընդհանուր շահերը դրդեցին Էրդողանին ուժի ցուցադրությանը հատկապես Կիպրոսում, ինչպես նաեւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության սատարմամբ։ Թուրքիան կարծես թե միջամտում է բոլոր ուղղություններով, ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաեւ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Կիպրոսը եւ Միջերկրական ծովը, որը հղի է Հունաստանի եւ Ֆրանսիայի հետ հնարավոր բախումներով։ Նույնիսկ եղբայրական մահմեդական Իրանը սկսել է ջղաձգվել իր հյուսիսում սուննիական շրջապատմամբ եւ թուրքական ամուր գոտու առաջացմամբ»։
Պատերազմի ընթացքում Ադրբեջանին լուրջ քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերելուց բացի, Թուրքիան թուրք հատուկ ջոկատայինների հետ միասին Կովկաս բերեց նաեւ սիրիացի վարձկաններ՝ առաջացնելով Կրեմլի դժգոհությունը։ Այս միջամտությունը մեծ ազդեցություն ունեցավ Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխող շահերի վրա եւ լուրջ վտանգի ենթարկեց Հայաստանի հետ Ռուսաստանի դաշինքը: Թուրքիայի համար սա ամենակարեւոր եւ անդրանիկ ռազմավարական քայլերից մեկն էր դեպի արեւելք` դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու ժողովուրդներ՝ ծրագրված էքսպանսիայի ուղղությամբ:
Թուրքիայի արդարացումը Չինաստանի հետ իր համագործակցության եւ մերձեցման վերաբերյալ
Էրդողանն ու նրա կողմնակիցները շեշտում են, որ դրանք անհրաժեշտ եւ պատշաճ քայլեր են` Թուրքիային վերադարձնելու այն իրավացի դիրքին, որին ինքը համապատասխանում է որպես գերիշխող տարածաշրջանային խաղացող եւ գլոբալ խոշոր տերություն: Սրա վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն արտահայտել է հետեւյալ միտքը․
«Թուրքիան չպետք է ընտրություն կատարի Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության միջեւ: Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չենք դիտարկում որպես այլընտրանք այլ երկրների հետ ունեցած մեր հարաբերություններին: Եվ ոչ ոք՝ ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը, չպետք է եւ չեն կարող մեզանից պահանջել, որ ընտրենք»։
Թուրքիայի կառավարության՝ դեպի արեւելք ազդեցությունն ընդլայնելու տեսլականը բացասաբար կազդի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արեւմտյան երկրների շահերի վրա: Այս ընդլայնումը կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը կհայտնվի Չինաստանի վերահսկման տակ արեւելքից, թյուրքական հանրապետությունների կողմից՝ հարավից, իսկ արեւմուտքից նույնը կանի Ուկրաինան՝ Թուրքիայի աջակցությամբ։ Այնուհետեւ նշվեց նաեւ, որ Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ դաշինքը կարագացնի նաեւ Չինաստանի` Մետաքսի ճանապարհը դեպի Արեւմուտք ընդլայնելու իր ցանկության իրականացումը:
Անդրադառնալով «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնությանը՝ Արտաքին հարաբերությունների խորհրդը նշեց․
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը (ՄԳՄՃ), որը նախագահ Սի Ծինփինի հեղինակած արտաքին քաղաքական նախաձեռնությունն է եւ աշխարհի ամենամեծ ենթակառուցվածքային ծրագիրը, մեծ մարտահրավեր է ԱՄՆ տնտեսական, քաղաքական, կլիմայի փոփոխության, անվտանգության եւ համաշխահային առողջապահական շահերի տեսանկյունից»:
Չինաստանի հետ Թուրքիայի դաշինքի վերաբերյալ այլ նկատառումներ
Էրդողանի ավտորիտար կառավարումն ու գործողությունները Թուրքիայի այլախոհների դեմ լավ չընդունվեցին Արևմուտքում, որի հետեւանքով պատժամիջոցներ սահմանվեցին Թուրքիայի նկատմամբ: Այս մարտահրավերին դիմակայելու համար Թուրքիան ստիպված էր փոխել իր կողմնորոշումը դեպի Չինաստան եւ շահել վերջինիս բարեհաճությունը։ Օրինակ՝ չնայած այն հանգամանքին, որ 2012 թվականին նախագահ Էրդողանը մեղադրեց Չինաստանին թյուրքախոս ույղուրների դեմ ցեղասպանություն իրագործելու մեջ, նույն թուրքական կառավարությունը քիչ անց սկսեց ինքը ճնշումներ իրականացնել Թուրքիայում բնակվող ույղուր բնակչության դեմ՝ ձերբակալելով հարյուրավոր մարդկանց եւ նրանցից շատերին հետ հանձնելով Չինաստանին: Այս ամենը հատուկ աջակցություն ստացավ Թուրքիայի ձախակողմյան հայրենասիրական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքից, ով հինգ անգամ դատապարտվել էր ցմահ ազատազրկման Էրդողանի կառավարության կողմից։ Նա նույնիսկ այնքան հեռու գնաց, որ համեմատեց Չինաստանի ույղուրներին Թուրքիայի քուրդ զինյալների հետ եւ գովաբանեց Պեկինի վերաբերմունքը ույղուրների նկատմամբ:
Ընդգծվեցին նաև Չինաստանի հետ Թուրքիայի բարեկամական հարաբերությունների տնտեսական դրդապատճառները։ Այդ նույն Չինաստանը 2018 թվականին 3,6 միլիարդ դոլարի վարկ տրամադրեց Թուրքիային, իսկ 2019 թվականին Անկարային տրամադրեց 1 միլիոն դոլար կանխիկ գումար տնտեսության կայունացման համար: 2020 թվականին արդեն Չինաստանը պաշտոնապես դարձավ Թուրքիայի ամենամեծ ներմուծողը:
Արդյո՞ք Արևմուտքը պետք է Ռուսաստանը համարի դաշնակից՝ ի հեճուկս չին-թուրքական աճող դաշինքի։
Քննարկման ընթացքում առաջարկ հնչեց դիտարկելու Հնդկաստանը որպես մեկ այլ կարևոր դերակատար Միացյալ Նահանգների համար ՝ չինական աշխարհաքաղաքական ընդլայնմանը հակազդելու նպատակով։ Դա բացատրվում էր տարածաշրջանում Չինաստանի ինքնավստահության աճով եւ Գալվան գետի հովտում Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ սահմանային մահաբեր բախումներով: Այստեղ նշվեց, որ ԱՄՆ-Հնդկաստան պաշտպանական համագործակցությունը նոր բարձունքների հասավ: Ըստ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսի.
«Խաղաղ եւ Հնդկական օվկիանոսների տարածաշրջանների մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության պահպանման համար․․․Ընդունելով Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների միջեւ աճող կապվածությունը, մենք այսօր ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը վերանվանեցինք ԱՄՆ Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության»։
Ավելին, 2021 թվականի մայիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատեց ԱՄՆ-ի հատուկ հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ ասելով.
«Միացյալ Նահանգներն ու Հնդկաստանը միասին աշխատում են մեր ժամանակների շատ ու շատ կարևոր մարտահրավերների դեմ, որոնք մեծ ազդեցություն են ունենում մեր քաղաքացիների կյանքի վրա: Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի միջեւ գործընկերությունը կենսական է, ամուր է եւ աստիճանաբար ավելի արդյունավետ է դառնում»:
Մասնակիցները համակարծիք էին, որ երկու մեկնաբանություններն էլ հստակ ցույց են տալիս ԱՄՆ-ի աջակցության խորությունը Հնդկաստանին՝ առաջատար համաշխարհային ուժի եւ տարածաշրջանային գործընկերոջ վերածվելու հարցում:
Ըստ Միացյալ Նահանգների պետքարտուղարության՝ աշխարհի տնտեսական կենտրոնի ձգողականությունը տեղափոխվում է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Ակնկալվում է, որ 2050 թվականի դրությամբ Հնդկաստանը կդառնա աշխարհի երկրորդ տնտեսությունը: Սա նկատի ունենալով՝ ԱՄՆ-ն Հնդկաստանին ընտրել է որպես հուսալի գործընկեր համաշխարհային բեմահարթակում: Միացյալ Նահանգների հետ այս գործընկերությունը կօգնի Հնդկաստանին զարգացնել անվտանգության իր կարողությունները եւ համատեղ պահպանել ծովային շահերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան ավազանի՝ աշխարհի ամենամեծ ջրային ուղիներում: Հնդկաստանը եւ ԱՄՆ -ն այս դաշինքում կընդգրկեն տարածաշրջանի այլ երկրներ եւս, ինչպիսիք են Ճապոնիան եւ Ավստրալիան, որպեսզի ապահովեն մուտքը դեպի բաց եւ ապահով ցամաք, ծով եւ կիբերտարածություն:
Հնդկաստանը՝ որպես կամուրջ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում
Անդրադարձ եղավ նաեւ Հնդկաստանի ու Ռուսաստանի միջեւ ամուր ռազմավարական, ռազմական, տնտեսական եւ դիվանագիտական հարաբերություններին Խորհրդային դարաշրջանում։ Ընդգծվեց նաեւ, որ փաստորեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը եւ Հնդկաստանը շարունակեցին իրենց սերտ հարաբերությունները եւ այն սահմանեցին որպես «Հատուկ եւ առանձնաշնորհյալ ռազմավարական գործընկերություն»: Այս հարաբերությունները վերահաստատեցին Հնդկաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները՝ վարչապետ Նարենդրա Մոդին եւ նախագահ Վլադիմիր Պուտինը, 2018 թվականին Սոչիում կայացած հանդիպմանը: Երկու երկրները նպատակ են դրել 2025 թվականի դրությամբ հասնել 30 մլրդ ԱՄՆ դոլարի երկկողմ առեւտրաշրջանառության:
Հնդկաստանը արդեն իսկ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության երկրորդ ամենամեծ գնորդն է։ Մասնակիցներից մեկն ընդգծեց այն փաստը, որ Հիմալայներում Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ հակամարտության նախօրեին Ռուսաստանը համաձայնեց ընդառաջել Հնդկաստանի խնդրանքին՝ արագացնել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի առաքումը եւ ՄիԳ-29 ու Սու-30 կործանիչների առաքման վերաբերյալ պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
Եզրակացություն
Քննարկման ավարտին արվեցին հետեւյալ եզրահանգումները․
- Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգներն ունեն ընդհանուր շահեր՝ Չինաստանի արեւմտյան էքսպանսիան Ասիաում սահմանափակելու առումով։
- Չին-թուրքական դաշինքը լուրջ գործոն է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները գնահատելիս:
- Շեշտվեց, որ տարածաշրջանային կարգը վերափոխելու Թուրքիայի ագրեսիվ փորձերը պետք է կտրականապես մերժվեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների եւ Ռուսաստանի կողմից:
Եթե Թուրքիային հաջողվի իրականացնել իր էքսպանսիան դեպի արևելք, այն վնասակար կլինի արևմտյան եւ ռուսական շահերի համար: Բալկանների եւ Արևելյան Եվրոպայի մի քանի փոքր երկրներ, ինչպիսիք են Վրաստանը եւ Հայաստանը Կովկասում, Սիրիան, Իրաքը, Քրդստանը եւ Լիբանանը Մերձավոր Արևելքում, եւ Կիպրոսը և Հունաստանը համապատասխանաբար Միջերկրական եւ Էգեյան ծովերում, մեծապես կտուժեն։
- Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ խնդրահարույց հարաբերությունները ու Հնդկաստանի լավ հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ կարող են Հնդկաստանին միջնորդի եզակի դեր շնորհել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավման առումով։
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է մտածեն կրկին դաշնակից դառնալու մասին։
Առջեւում հետաքրքրաշարժ դիվանագիտություն է սպասվում։